«Ժառանգություն» կուսակցությունն առայժմ զերծ է մնում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հայտարարությունները մեկնաբանելուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքի: «Ժառանգությունում» քննարկում են այդ հայտարարությունները, եւ հենց որ որոշում  կայացվի, կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը»,- վստահեցրեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «քաղաքական ակտիվ գործողությունները անորոշ ժամանակով հետաձգելը կարող է ճակատագրական սխալ դառնալ, քանի որ ռեժիմը կարող է  այդ ժամանակահատվածն օգտագործել իր ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ համաժողովրդական շարժման ներսում պառակտում հրահրելու համար:  Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը խիստ կարեւոր է համարում, որպեսզի Համաժողովրդական շարժման տարածքային շտաբերի ձեւավորմանը զուգահեռ ոչ մի կերպ չթուլացվեն, այլ ընդհակառակը, աշխուժացվեն Ազատության հրապարակում սկսված քաղաքական լուրջ գործընթացները»: ՀԱԿ-ի հայտարարությունը հաջորդել էր  ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստին, որում նոր հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ոչ մի որոշում չէր կայացվել: