Հայաստանի ԱԺ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին մեղադրեց իրենց կողմից ներկայացված օրինագծերը կառավարության ներկայացրած օրինագծերին ստորադասելու մեջ:
Բանն այն է, որ նախորդ քառօրյային ոչ իշխանական ուժերը 44 ստորագրությամբ նախագիծ էին ներկայացրել, որն առաջարկում էր արտահերթության կարգով քննարկել կառավարման ճգնաժամի եւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, սակայն կառավարությունն իր հերթին անհետաձգելի նախագծեր է ներկայացրել ու ոչ իշխանականների նախագծերը մղվել են երկրորդ պլան:
Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքը չի կարգավորում հարցերի քննարկման հերթականությունը: «Միակ ընդունելի տարբերակը այն էր, որն էլ կիրառվեց, ժամանակագրության հաջորդականությամբ քննարկել նախագծերը: Սակայն Կառավարությունը դրանից հետո բերեց եւս երկու հարց՝ կառավարության կառուցվածքի փոփոխության եւ 2015թ. պետական բյուջեի նախագծերը, որոնք առաջնահերթությամբ են քննարկվելու: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են սկզբունքները խախտվում, ու ինչո՞ւ եք խուսափում մեր նախագծերի քննարկումից»,-ասել է Զուրաբյանը:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշել է. «Երանի թե ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք քննարկումից»: Նա պնդել է, որ ինքը ղեկավարվում է ԱԺ կանոնակարգ օրենքով, չի խախտել այն եւ արտահերթ կարգով կքննարկվեն եւ կառավարության, եւ ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագծերը:
Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ երկրում իսկապես առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, կա ժողովրդական ընդվզում, իսկ իշխանություններն առանց որեւէ հիմնավորման խուսափում են ընդվզման արդյունքում բարձրացված հարցերի քննարկումներից: ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ արտահերթ չքննարկելով ընդդիմության ներկայացրած նախագծերը, ԱԺ ղեկավարությունը մերժում ժողովրդի ձայնը ԱԺ-ում հնչելու հնարավորությունը:




























