Երեւանում փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են: Այս մասին նշվել է քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու սահմանված ժամկետում ավարտել դրանք՝ խստորեն հետեւելով որակի պահպանմանը:
«Հրավիրեք շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին եւ խստորեն պահանջեք ակտիվացնել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանների վատթարացման պարագայում դադարեցնելու ենք բոլոր աշխատանքները՝ որակի հաշվին ասֆալտապատումը բացառելու նկատառումով: Մրցույթի պահանջներին համապատասխան, սահմանված ժամանակացույցով հաղթող ճանաչված կազմակերպությունները պետք է ժամանակին ավարտեն աշխատանքներն ու փողոցները շահագործման հանձնեն: Պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին, ապա պարբերաբար ներկայացվում են նոր հասցեներ, որտեղ եւս փոսալցման անհրաժեշտություն կա: Այս դեպքում եւս եղեք հետեւողական, որպեսզի նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ կատարվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքում այլեւս փոսեր չլինեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



























