Երեւանի քաղաքապետարանում, թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նոր կազմում ներգրավելու եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթի հանձնաժողով ձեւավորելու համար Երեւանի ավագանու 3 խմբակցություններն արդեն ներկայացրել են մեկական թեկնածուներ:
Զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավելու առաջարկ է ուղարկվել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, սակայն արձագանքել են «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ-ն, «Դինգո» ՀԿ-ն եւ Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիական-սպորտային միությունը: Նշված կազմակերպություններից մասնակցության պատրաստակամություն է հայտնել միայն «Դինգոն», իսկ վերոնշյալ մյուս կազմակերպությունները հրաժարվել են մասնակցել գործընթացին:
«Հարցով մտահոգ բոլոր հասարակական կազմակերպություններին մենք առաջարկել էինք մասնակցել գործընթացին եւ իրենց մասնագիտական խորհուրդներով աջակցել քաղաքային իշխանությանը: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանի առաջարկին արձագանքել եւ համագործակցության պատրաստակամություն է հայտնել ընդամենը մեկ կազմակերպություն: Ուստի մեկ անգամ եւս իրազեկեք հանրությանը մեր կողմից իրականացվող աշխատանքների ու համապատասխան կազմակերպությունների հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու առաջարկից հրաժարվելու մասին»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























