Երևանի 17-րդ թաղամասի բնակիչները պահաջում են «Յունիգրաֆ Իքս» ընկերության լուծարումը, քանի որ վերջինը վնասազերծում է ոչ միայն անտուն կենդանիներին, այլեւ տեր ունեցողներին։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողներին այս մասին հայտնեցին քաղաքացիներ Վերա Կարապետյանը, Արմինե Մանուչարյանը եւ Քրիստինա Ղեւոնդյանը, որոնց շներին կրակել են «Յունիգրաֆ Իքսի» աշխատակիցները։

«Եթե «Յունիքրաֆ Իքսը» իրավասու չէ կատարելու իր աշխատանքները, կամ կատարում է նման ոչ պատշաճ մակարդակով, մենք՝ կենդանասերներս, պահանջում ենք «Յունիգրաֆ Իքսի» լուծարում, եւ այս գործը թող հանձն առնեն այն կազմակերպությունները, որոնք իրոք սիրում են կենդանիներին եւ հասկանում են կենդանիներից»,- ասաց Արմինե Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ չնայած համապատասխան մարմինները վստահեցնում են, որ արդեն 4 տարի է, ինչ արգելվում է թափառող կենդանիներին կրակելը, սակայն  իրենք բազմիցս ականատես են եղել՝ ինչպես է «Յունիգրաֆ Իքսը» ոչնչացնում կենդանիներին։

«4 տարի պահում էի շանս, ստերիլիզացրել էի, ուներ համապատասխան վզկապ, ուներ բույն իմ տանը կից։ Նոյեմբերի 5-ին ժամը 3։15 էր, քնած էինք, երբ հրացանի 2 հաջորդական կրակոց լսվեց, հետո շան վնգստոց, անմիջապես դուրս վազեցինք՝ համոզված լինելով, որ արդեն մեր շանը սպանել են, տեսանք՝ հսկայական «ՈւԱԶ» մակնիշի մեքենա էր, հետեւից մարդատար մեքենա էր, շատ մեծ արագությամբ փախան մեր աղմուկ-աղաղակներից։ Նույն պահին մտել եմ տուն, անմիջապես զանգահարել եմ ոստիկանություն, ոստիկանությունը նույն պահին չեկավ, ինձ ասեցին՝ առավոտյան կգանք, մութ է, դժվար հիմա կարողանանք ինչ-որ բան որոշել։ Ոստիկանները եկան հաջորդ օրը կեսօրին, շան դին տարել եմ փորձաքննության, շան սրտի վրա փամփուշտի 6 անցք կար։ Մեր պետությունը հերքում է, ասում է, որ նման բան չի կատարվում, արդեն 4 տարի է, ինչ արգելված են կրակոցները։ Եկել են ու տեր ունեցող շանը կրակել են, եթե անտուն շուն լիներ, հնարավոր է՝ անցներ, գնար, որովհետեւ ես թույլ չտվեցի՝ տանեին, ու այդպես վախեցան ու փախան, եթե տանեին, ես չէի ունենա արդեն փաստ ապացուցելու, որ իմ շանը կրակել են»- պատմեց Արմինե Մանուչարյանը։

17-րդ թաղամասի բնակիչ Վերա Կարապետյանը նշեց՝ առաջին դեպքը չէ, որ «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը կրակում է տեր ունեցող շան վրա։

«Այս դեպքը եզակի դեպք չէ, արդեն մոտ 2-3 տարի է, ինչ մենք ակտիվ կերպով փորձում ենք զբաղվել կենդանիների պաշտպանությամբ։ Բազմիցս ականատես եմ եղել կրակոցների։ Այն շունը, որին հիմա պահում եմ, մեր բակի շունն է, նրա մորը դաժանորեն կրակեցին, հարեւանի շանը նույնպես կրակել են, ամբողջ մարմինը բզկտված էր, միայն մի քանի փամփուշտ անասնաբույժը հանեց, մնացածի դեմ համապատասխան բուժում նշանակվեց, շունը մինչեւ այսօր ապրում է, բայց եթե ցանկացած պահի շանը տանենք ռենտգենի, նրա ամբողջ մարմնում կգտնեն կոտորակներ։ Դրանից 2 ամիս անց նորից գիշերվա 3-4 ի սահմաններում լսում եմ դաժան կրակոցները, մարդ կարող է այդ պահին ինֆարկտ ստանալ։ էլ չեմ ասում, որ բակի կենդանասեր տարեց կանայք եւ երեխաները հոգեկան տրավմա են տանում այս կրակոցների պատճառով։ Երբ ես բղավելով դուրս նետվեցի գիշերվա կեսին, հրացանը ձեռքին կրակողն ասաց՝ ես քաղաքապետարանի հրամանն եմ կատարում, հիմա իմ մեքենայի մեջ գործկոմից էլ մարդ կա, ոստիկանությունից էլ»,- պատմեց Վերա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Յունիգրաֆ Իքսը» կատարում է քաղաքապետարանի եւ թաղապետարանների պատվերները։  

«Յունիգրաֆ» քաղաքապետարանի եւ շատ այլ բարձր մակարդակի պաշտոնավոր անձանց բիզնես է։

«Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Սադոյան եղբայրների կեղտոտ բիզնեսն է։ Նրանց խնդիրը շները չեն, նրանց խնդիրը գումարներ յուրացնելն է եւ բնակչությանը այսպիսի սթրեսի ենթարկելը»,-ասաց Վերա Կարապետյանը։

Նշենք, որ 17-րդ թաղամասի բնակիչները նոյեմբերի 14-ին, 13։00-ին, քաղաքապետարանի մոտից երթով կշարժվեն դեպի նախագահական՝ իրենց խնդրի մասին բարձրաձայնելու նպատակով։