Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական եւ հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երեւանի բոլոր դպրոցները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նախ տեղեկացրել է, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, եւ ընդգծել, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, ուր այցելելով դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։
«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարեւորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ը ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաեւ գրահրատարակչական ասպարեզում։ Մեր գիտաշխատողները, աշխատակիցները պատրաստակամ են աջակից լինել ձեր նախաձեռնություններին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ապա ներկայացրել իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Հայկ Դեմոյանն ընդգծել է, որ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրքի հրատարակված քանակության կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաեւ Սփյուռքի հայկական դպրոցների համար։
«Զարգացող, փոփոխվող, իրադարձությունների արագ անցումների ժամանակներում լուրջ մարտահրավերների ենք հանդիպում. դրանք մարտահրավերներ են հասարակության դեմ, պետականության դեմ: Պետականություն, միասնականություն, հավաքականություն խորհրդանշող այս խորհրդանիշները պետք է ուսուցանելուց բացի ոգեւորեն մեր պատանիներին, աղջնակներին՝ քաղաքացիական գիտակցության ձեւավորմամբ ու կայունացմամբ»,- նշել է գրքի հեղինակը եւ մեկական օրինակ տրամադրել Երեւանի դպրոցներին։
Հանդիպմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով թանգարանի նախաձեռնությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է կրթական այս եւ նման նախաձեռնությունների աջակիցը լինել։
«Վստահ եմ, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն էլ զինվորի պատրաստակամությամբ են տրամադրված ծրագրին»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
«Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը եւս պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս նախաձեռնությանը։
Հանդիպման ավարտին ներկաներին է հանձնվել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան-կրծքանշան անմոռուկներ։



























