Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած Հաբեթ եւ Գայանե Սեդրակյաններն Ախուրյանից էին, Երեւան էին գնացել հարսանիքի մասնակցելու համար:
NEWS.am-ին Ախուրյանի գյուղապետարանից հայտնեցին, որ Սեդրակյան ամուսինները 2 աղջիկ ունեին. նրանք ամուսնացել եւ բնակվում են Երեւանում:
«Հաբեթը մի ժամանակ շաքարի գործարանում էր աշխատում, բայց արդեն տեւական ժամանակ է՝ կնոջ հետ գյուղատնտեսությամբ էին զբաղվում»,- ասացին գյուղապետարանի աշխատակիցները:
Նշենք, որ վթարի հետեւանքով մահացածների անունները հայտնի են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:




























