Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած, 60-ամյա Արամայիս Շիրազունին Գյումրիից էր, աշխատում էր Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը պատմեց, որ Արամայիս Շիրազունին բանաստեղծի մեծ նվիրյալն էր, երկար տարիներ նրա հետ ընկերություն է արել:

«Շիրազն իր կյանքի վերջին 15 տարիներին վստահել է հենց Արամայիս Շիրազունիին»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքով՝ Շիրազունին ամուսնացած էր, երկու երեխա եւ թոռ ուներ: Դեպքի օրն էլ նա Երեւան էր եկել՝ միջոցառման մասնակցելու:

«Հոգեհանգիստը լինելու է մեր թանգարանում՝ նոյեմբերի 13-ին»,- ավելացրեց Արա Պապանյանը:

Նշենք, որ վթարի հետեւանքով մահացածների անունները հայտնի են

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: