Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ինչի հետեւանքով 7 քաղաքացի մահացել է, իսկ 7-ն էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Սարսափելի դեպքը ցնցել է բոլորիս: Զոհվածներից յուրաքանչյուրը մի օջախի ծուխ էր, քանի ընտանիք մի վայրկյանում որբացավ, քանի մայր որդեկորույս դարձավ:

Ամենեւին էլ նախաքննության մարմնի դերը չստանձնելով եւ զերծ մնալով կանխակալ վարկածից, թե ինչը կարող էր պատճառ լինել նման ողբերգության, ուզում եմ այդուհանդերձ շեշտել արդեն հազարերորդ անգամ, որ արագության գերազանցումը ողբերգություն է ծնում:

Երթեւեկության կանոնների պահպանումը նախ եւ առաջ վարորդի պարտականությունն է: Մեզանից ոչ ոք իրավունք չունի վտանգել ինչպես իր, այնպես էլ դիմացինի կյանքը, «առաջնորդվելով» ինձ հետ չի կարող պատահել սկզբունքով: Երեւի էլի կրկնված կլինեմ, եթե ասեմ, որ ղեկին պետք է նստել սթափ, տրանսպորտային միջոցը շահագործել սարքին վիճակում եւ էլի մի շարք տարրական կանոններ, որ գիտի յուրաքանչյուրը, բայց ցավոք կիրառում են ոչ միշտ: Ծառայության բերումով հաճախակի եմ ականատես լինում նման ողբերգական դեպքերի, նաեւ առաջին օգնություն ցուցաբերում:

Հարգելի վարորդներ, հարգելի հայրենակիցներ, որպես վարորդ, ՀՀ քաղաքացի ու նաեւ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, խնդրում եմ` մի խեղեք ձեր ու մյուսների ճակատագրերը, մի որբացրեք ուրիշների երջանիկ ընտանիքները, ցավ մի պատճառեք նաեւ ձեր ընտանիքիներին, պահպանեք անվտանգության կանոնները, զիջեք միմյանց, զգոն եղեք:

Անփորձանք երթեւեկություն: Աստված պահապան բոլորիս»,- գրել է ՃՈ պետը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: