Նոյեմբերի 11-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԱԻ նախարարության, փրկարար ծառայության, ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հարցազրույցի էր հրավիրվել աշխատանքի համար դիմած սայլակավոր 2 քաղաքացի` Գեղարքունիքի մարզից: 32-ամյա Սարգիս Միրիբյանը բանակից զորացրվելուց հետո սկսել է աշխատել շինհրապարակում, որտեղ տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով դարձել է հաշմանդամ: Նա տիրապետում է համակարգչին, մեկ օտար լեզվի եւ հանձնաժողովի հետ հարցազրույցի ժամանակ նշեց, որ պատրաստակամ է լրացնել գիտելիքները` ԱԻՆ համակարգում աշխատանքի անցնելու համար:

22-ամյա Անի Կուռոյանը անվասայլակին է հայտնվել դեռ մանուկ հասակում` հիվանդության պատճառով, սակայն ավարտել է դպրոցն ու ստացել բարձրագույն կրթություն` ձեռք բերելով հոգեբանի մասնագիտություն: Տիրապետում է ռուսերենին ու անգլերենին, մասնակցել է տարբեր դասընթացների:

Ներկայումս ԱԻՆ համակարգում աշխատում է հաշմանդամություն ունեցող 28 անձ, որից 23-ը Երեւանում, 5-ը` Լոռու մարզում: Այսօրվանից նրանց թիվը կավելանա եւս 2-ով: Հանձնաժողովը, դրական գնահատելով հարցազրույցի արդյունքները, որոշեց համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո Ս. Միրիբյանին եւ Ա. Կուռոյանին աշխատանքի ընդունել Գեղարքունիքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում: