Կնոջը դանակով սպանելիս Դիանա Նահապետյանի ամուսինը՝ ՎոլոդյաՄուրադյանը, եղել է աֆեկտի վիճակում։ Այս մասին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասաց Վլադիմիր Մուրադյանի փաստաբան Անդրանիկ Մնացականյանը՝ որպես ասվածի ապացույց վկայակոչելով փաստը, որ սպանությունից հետո իր պաշտպանյալից մոտ 3 ժամ է պահանջվել Երեւան հասնելու համար։ Նա նշեց, որ սպանությունից հետո Վոլոդյա Մուրադյանի վարքագծի վերաբերյալ անհրաժեշտ փաստարկներ ձեռք չեն բերվել, եւ միջնորդեց կրկնակի դատաբուժական, դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն անցկացնել։
Մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը եւ տուժողի իրավահաջորդի պաշտպան Նաիրա Մկրտչյանը առարկեցին միջնորդությանը՝ նշելով, որ նախորդ փորձագետի եզրակացությունը որեւէ կասկած չի հարուցում։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը դատավարությունը ձգձելու, մեղմ պատիժ կորզելու կամ պատժից խուսափելու նպատակ է հետապնդում։
«Հարցին, թե ինչու է ամբաստանյալը դեպքից հետո գտնվել ինչ-որ վիճակում, եւ 2 ու կես ժամում հասել Երեւան, կարող էր ի սկզբանե շատ հստակ պատասխանել հենց ամբաստանյալը, սակայն չի ցանկացել, եւ եթե իր պաշտպանն ասում է, թե նա աֆեկտի մեջ է եղել, նույն կերպ ես կարող եմ մեկնաբանել, որ դեպքից անմիջապես հետո փորձել է փախուստի դիմել կամ հանցագործության հետքերը վերացնել»,- ասաց պաշտպան Նաիրա Մկրտչյանը։
Ամբաստանյալի պաշտպանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի մոտ աֆեկտի վիճակն առաջացել է «տուժողի կողմից հակաբարոյական երկարատեւ տանջալից գործողությունների ենթարկվելու արդյունքում», քանի որ կինը երկար ժամանակ դավաճանել է ամուսնուն։
«Ամբաստանյալին երբեք ոչ ոք չի ստիպել կրել այդ տառապանքը, նա ցանկացած պահի կարող էր հեռանալ տուժողից, եւ դրանով ամեն ինչ կավարտվեր»,- ասաց Նաիրա Մկրտչյանը։
Դատավորը հեռացավ խորհրդակցության՝ խոստանալով ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին իր որոշումը հրապարակել օրվա վերջում։
Նշենք, որ ինչպես նախորդ բոլոր նիստերին այսօր էլ դատարանում ներկա էին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի արագ արձագանքման խումբը եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ ինքը իրավասություն չունի որևէ դիրքորոշում հայտնել՝ արդյոք դատարանը կբավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը, թե ոչ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդել էր Վոլոդյա Մուրադյանին պատժել 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն» կատարելու համար։



























