Փոխանակ ադրբեջանցիները քաղաքակրթվեն,. մե՞նք ենք իջնում նրանց մակարդակին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին, իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հանրային մարդկանց կողմից իրար Ալիեւի հետ առնչություններ ունենալու մեջ պիտակավորելու եւ Ադրբեջանից ֆինանսավորվելու մեղադրանքներին:
Նա մասնավորապես, ասել է.
«Խնդիրը, որն ուզում եմ բարձրացնել այսօր, վերաբերվում է բոլոր այն մարդկանց խոսքին ու ելույթներին, ովքեր համարվում են հասարակական դեմքեր: Խոսքս իհարկե մեզ՝ պատգամավորներիս էլ է վերաբերվում, գուցե եւ հենց առաջին հերթին:
Մենք ապրում ենք բավականին բաց հասարակությունում: Հայաստանում գործում են տեղեկատվական բազմաթիվ համակարգեր՝ միանգամից մի քանի լեզուներով: Մեզնից յուրաքանչյուրի ամեն մի խոսքը հաշված րոպեների ընթացքում կարող է հասանելի դառնալ աշխարհի ցանկացած անկյունում: Այն, ինչ ասում ենք ինչ-որ միջավայրում, էմոցիոնալ ինչ-որ աստիճանում, շատ արագ գրավոր նախադասությունների տեսքով առանց էմոցիայի ու առանց համատեքստի դառնում է Հայաստանից հնչած կարծիք ողջ աշխարհի համար՝ իրենց հասկանալի լեզուներով:
Հիմա: Ինչն է ինձ մտահոգում: Բոլորիդ հայտնի է, ինչպիսի երկիր է Ադրբեջանը: Աշխարհին է հայտնի: Այդ երկրում որեւէ կիսաազատ խոսք ասողը միանգամից հռչակվում է Հայաստանի լրտես, հետո կալանավորվում, աքսորվում կամ սպանվում: Սա գիտի ողջ աշխարհը: Այս տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան հարթությունում որեւէ գործընթացի վրա մեր ու հարեւան երկրի իրողությունների տարբերությունը միշտ էլ ազդում է: Միգուցե ինչ-որ տեղ չի երեւում, բայց, միեւնույն է, դա կա: Հազար անգամ եմ տեսել ինքս:
Վերջին ժամանակներում բոլորս ենք ականատես լինում, որ չգիտես ինչու, Հայաստանում էլ սկսել են հանրային մարդիկ այլոց պիտակավորել Ալիեւի հետ առնչությունների, Ադրբեջանից ֆինանսավորվելու ու նման արտահայտություններով: Հիմա խնդրում եմ վերցրեք այդ արտահայտությունների գրավոր հոդվածները անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու կարդացեք: Հեշտ կգտնեք. մեր թշնամիները դրանք շատ մեծ հաճույքով տիրաժավորում են աշխարհում: Կարդացեք, ու դրանցով փորձեք գաղափար կազմել Հայաստանի իրողությունների մասին ոչ հայաստանցու աչքերով: Հավատացնում եմ՝ ենթագիտակցական հավասարության նշանը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միանգամից առաջ է գալիս: Սա կեղծ իրականություն է անշուշտ, սակայն չեմ կարողանում հասկանալ ինչի ենք մենք այն ստեղծում, ինչի ենք կրկնում ադրբեջանցիներին: Փոխանակ նրանք քաղաքակրթվեն ու գան մեր ճանապարհով, որ կարողանանք ավելի հեշտ խնդիրները լուծել, մե՞նք ենք իջնում նրանց մակարդակին: Ի՞նչ է սա տալու մեզ, բացի վնասից»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիրների մասին նշել էր, որ նրանք ֆինանսավորվում են ադրբեջանական նավթադոլարներով: Նա կոնկրետ անուններ չէր տվել: ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանն էլ ԱԱԾ-ին խնդրել էր պարզել, թե ում մասին է խոսքը:




























