Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 55-ամյա Մարինե Նազարյանը Գյումրիից էր, Երեւան էր գնացել՝ դուստրերին այցելելու:

Մարինե Նազարյանը տնային տնտեսուհի էր, ամուսնացած էր, 3 երեխա ուներ. երկու աղջիկները բնակվում են Երեւանում: Հարազատները Գյումրիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ վթարի մասին տեղեկացել են հեռուստատեսությամբ, սակայն չեն պատկերացրել, որ Մարինեն էլ է այդ միկրոավտոբուսի մեջ եղել:

«Մարինեն Երեւանից դուրս գալիս, զանգեց, ասաց, որ շարժվում են: Ժամը 19:30-ին մոտ էր, հեռուստացույցից իմացանք, որ «Գազել» է շուռ եկել, չպատկերացրինք, որ Երեւանից եկողը կլինի, հետո մի 20 րոպե անց նորից հաղորդեցին, որ Երեւանից եկողն է, խառնվեցինք իրար: Գնացինք դեպքի վայր եւ շիվարած կանգնեցինք. ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեինք՝ ինչ է կատարվում: Շտապօգնության աշխատողները մարդկանց էին տանում, մենք էլ մեր Մարինեին էինք ման գալիս վիրավորների մեջ, մինչեւ որ առավոտյան մորգից իմացանք, որ մահացածների մեջ կին կա եւ մի կերպ ճանաչեցինք, որ մեր Մարինեն է»,- պատմեցին ազգականները:

Նրանց խոսքով՝ Մարինե Նազարյանի մարմինն այնքան անճանաչելի էր, որ սկզբում չէին հավատում, որ իրենց բարեկամուհին է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: