Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը եւ հստակեցնել հետագա անելիքները։

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար,  անդրադարձել է այսօր Երեւանի երկաթգծի կայարան կատարած այցի մանրամասներին։ Նա տեղեկացրել է, որ  վերանորոգման աշխատանքների արդյունքում երկաթգծի կայարանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ընդգծվել է, որ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կարեւորում է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման հարցը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջեւ ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների կատարման ընթացքը։