Ճիշտ չէ պնդել, թե վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամները մահացել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ քանի դեռ չունենք ստույգ տվյալներ այդ մարդկանց մասին, որեւէ ձեւով պնդել, որ նրանք մահացել են, ճիշտ չէ, նույնիսկ եթե հավանականությունը մեծ է:

«Որեւէ մեկը չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել, քանի դեռ չկան փաստեր, իսկ փաստեր մենք դեռ չունենք»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Իսկ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զոհերի մասին սպառիչ պատասխան չի կարող տալ, քանի դեռ փաստեր չկան: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ տարածքը, որտեղ ընկել է խփված ինքնաթիռը, կրակային խոցման տակ է եւ հնարավոր չէ մոտենալ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: