Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը, որին սպառնում է 18 տարվա ազատազրկում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառը ավարտելուց հետո պատռեց շապիկը, որպեսզի դատարանին, ցույց տա, որ իր մարմնի մազերը սափրած չեն:
Նշենք, որ տուժող Կ.Բ-ն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ իրեն կողոպտած եւ բռնաբարած մարդու մարմինը սափրած է եղել: Ամբաստանյալը ցանկանում էր հանել նաեւ տաբատը, որպեսզի ցույց տա, որ իր մարմինը սափրած չէ: Դատավոր Մեսրոպ Մակյանին բարկացրեց ամբաստանյալի քայլը:
Իր պաշտպանական ճառում Էդգար Վարագյանը շարունակեց պնդել, որ ինքը իրեն վերագրվող հանցագործությունը չի կատարել եւ մեղադրեց դատախազ Գեւորգյանին տուժողին հովանավորելու մեջ:
«Դատախազը նպատակ ունի ցանկացած գնով դատապարտել ինձ, ինչու՞ չի միջնորդում իմ վրայից հանել բռնաբարության հոդվածը, ինչու՞ է հիմք ընդումում ամեն տարի բռնաբարվող Կ.Բ-ի ցուցմունքը: Տուժողը մեղադրել է ինձ շահադիտական նպատակներով, Կ.Բ-ի ամբողջ ունեցվածքը գտնվում է կալանքի տակ, նրան գումար է հարկավոր: Նա ինձանից եւ իմ ծնողներից պահանջել է գումար կամ մեր առանձնատունը իր անունով փոխել, ասել, որ հակառակ դեպքում ինձ ամեն գնով կդատապարտի: Նա դա պահանջել է նաեւ ինձ հետ հեռախոսով: Դրա համար եմ ես պահանջել նրա հեռախոսի զանգերի վերծանումները, որոնք չեն հանվել: Դա էլ է ցույց տալիս, որ այս գործ շինծու է»,- հայտարարեց ամբաստանյալը:
Ամբաստանյալի խոսքով, իր անմեղությունն են ապացուցում Կ.Բ-ի տան մոտակայքում եւ նրա տնից Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհաին տեղադրված տեսախցիկները:
«Ճանապարհային տեսախցիկները ցույց են տալիս, որ այդ սեպտեմբերի 21-ից 22-ը տուժողի մեքենան այդ ճանապարհով չի անցել: Կ.Բ-ի տան եւ հարեւան տների տեսախցիկները ցույց են տալիս, որ տվյալ օրը ոչ մի անձ չի մտել, դուրս չի եկել նրանց տնից»,- ասաց ամբաստանյալ Էդգար Վարագյանը:
Այս խոսքերը լսելուց հետո, տուժող Կ.Բ-ն իրեն վատ զգաց եւ արտասվելով դուրս եկավ նիստերի դահլիճից:
Մի քանի րոպե անց նիստը շարունակվեց:
Ամբաստանյալը իր պաշտպանական ճառում պարբերաբար անդրադառնում էր տուժողի նախաքննական մարմնին տված ցումունքին,որպեսզի ցույց տա այդ ու դատարանում տված ցուցմունքների միջեւ հակասություններ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նրան պարբերաբար ընդհատում էր՝ հիշեցնելով, որ տուժողի նախաքննական ցուցմունքը դատարանում չի հրապարակվել, եւ որ դրանց հղում կատարել է անիմաստ է. այն չի կարող դրվել դատավճռի հիմքում:
Ամբաստանյալը դատարանում շարունկեց պնդել, որ տուժողի մատնանշած օրը ինքը եղել է իր տանը ընկերուհու հետ եւ որ չէր կարող կատարել իրեն մեղսագրված արարքները:
Դատախազը ամբաստանյալի պաշտպանական ճառը ավարտելուց հետո ասաց, որ Էդգար Վարագյանը իր ճառում «խեղաթյուրեց» իրականությունը:
«Ամբաստանյալը հայտնում է,թե եղել է իր ըներուհու հետ, բայց այդ աղջկա հեռախոսային վերծանումներից պարզ է դարձել, որ ընկերուհին այդ օրը չի եղել նրա տանը»,- նշեց դատախազ Գեւորգ Գեւորգյանը:
Իր վերջին խոսքն ասելիս նա դիմեց Մեսրոպ Մակյանին եւ խնդրեց որոշում կայացնելիս նայել իր երեխանների աչքերի մեջ եւ արդար վճիռ կայացնել:




























