Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգեւեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, եւ քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:
Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո եւ վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգեւոր նորոգություն եւ մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին: Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին՝ գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ անմեղ զոհերի սրբադասմանը` հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգեւոր կյանքի նորոգության եւ հայ ինքնության պահպանության:
Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին՝ աղոթքով միանալու 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին` հայցելով նաեւ Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման եւ մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը` վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաեւ Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը եւ վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրավունքները:
Աղոթում ենք առ Աստված մեր նորօրյա նահատակների` Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Դատապարտում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսեւորումը եղավ նաեւ եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը եւ հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրավունքների եւ պահանջատիրության իրականացման ճանապարհին կարեւոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:
Եպիսկոպոսաց ժողովը նաեւ իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում, մասնավորաբար` Միջին Արեւելքում` Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ` Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների: Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին` այդ թվում եւ մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի եւ աշխարհում համընդհանուր ու տեւական խաղաղության հաստատման համար:
«Քրիստոս է մեր Աստուած, եւ մեք յուսամք ի նա» վստահությամբ ու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջեւ պարտքի գիտակցումով` եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նվիրական առաքելությունը՝ հանուն Հայ Եկեղեցու պայծառության, ազգային միասնականության, մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
Թող Ամենազորն Աստված պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին եւ Ազգին Հայոց այսօր եւ հավիտյանս, Ամեն»:



























