Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի բաժնի եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողների համատեղ խումբն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 հասցեում գտնվող մթերային խանութի դիմացից, թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկել 43-ամյա Արման Շ.-ին եւ 45-ամյա Արմեն Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Արման Շ.-ի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է 5 փաթեթ` 1-ին փաթեթից մոտ 18 գ կանեփանման չորացված եւ մանրացված զանգված, 2-րդ փաթեթից` 61 հատ «սուբոտեքս» տեսակի դեղահաբ, 3-րդ փաթեթից` մոտ 10 գ կանեփանման չորացված եւ մանրացված զանգված, 4-րդ փաթեթից` մոտ 1.5 գ կանեփանման չորացված եւ մանրացված զանգված եւ 5-րդ փաթեթից՝ մոտ 0.18 գ մուգ գույնի կոշտ զանգված:
Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն. «սուբոտեքսը» եւ կոշտ զանգվածը ձեռք է բերել ՌԴ-ից, իսկ կանեփանման զանգվածն աճեցրել է իր հողամասում:
Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված եւ մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է քննություն:



























