Հարկավոր է մնալ կոռեկտության սահմաններում եւ գոտկատեղից ներքեւ չխփել: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Վերջինիս համբերության բաժակը լցվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո:

ԵՏՄ-ի ներկա եւ ապագա բոլոր կողմնակիցներին Փոստանջյանը դավաճան էր անվանել, այդ թվում՝ այն գործընկերներին, որոնք կողմ են քվեարկելու Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը:

Դրանից հետո չի դիմացել նաեւ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը: «Ախր դուք ի՞նչ իրավունք ունեք մարդկանց վիրավորելու: Այստեղ ով ինչ ուզում՝ ասում է»:

«Գործընկերներ, խնդրում եմ զերծ մնալ տեղից ելույթ ունենալուց», -  հայտարարել է լսումները վարողներից մեկը՝ խորհրդարանի արտաքին կապերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այստեղ արդեն չի դիմացել տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Իսկ ի՞նչ է նա ասում: Թող իրեն չափերի մեջ պահի: Նշանակում է, եթե վաղը ես «կողմ» քվեարկեմ, ես ինչ է, հայրենիքի դավաճա՞ն եմ: Խոսելուց առաջ մտածել է պետք»:

«Դե, սա մեզ համար նորություն չէ: Համենայն դեպս, գոնե հիմա բոլորը հասկացան, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում», - հավելել է Զաքարյանը՝ գնահատելով արեւմտամետ ընդդիմադիր պատգամավորի վարքը: