ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համատեղ եւ DHL գերմանական փոստային գործակալության մասնակցությամբ, դեկտեմբերի 4-5-ին, կազմակերպում է վարժանք` ուժեղ երկրաշարժի թեմայով:

Վարժանքն անցկացվում է «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում:

Հիմնական նպատակն է փորձարկել «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի` արտակարգ իրավիճակներում գործելու եւ ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ փոխհամագործակցության պլանը, ինչպես նաեւ կատարելագործել վարժանքի մասնակիցների գործնական հմտությունները եւ հղկել արտերկրից ժամանած փրկարարական թիմերի ընդունման գործընթացը:

Միջոցառումը կիրականացվի 2 փուլով: Առաջինը տեսական է, իսկ երկրորդ փուլում կլինի դաշտային վարժանք:

Ըստ սցենարի` ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով ստեղծվել է բարդ իրավիճակ: Երկրիկարողությունները չեն բավարարում աղետի հետեւանքները վերացնելու համար եւ Հայաստանը դիմում է միջազգայինհանրության օգնությանը:

Երկրաշարժի հետեւանքով վնասվել է «Զվարթնոց» օդանավակայանի պահուստային էներգամատակարարման ցանցը, ինտերնետային կապում առկա են խնդիրներ: Օդանավակայանն աշխատում է ճգնաժամային ռեժիմում: Հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստներում: Վնասվել է նաեւ օդանավակայանի թռիչքուղին (Շիրակ օդանավակայանի խաղարկման համար):Բժշկական սարքավորումներ բերող բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում գրունտային հատվածում, եւինքնաթիռից արտահոսած վառելիքից առաջանում է հրդեհ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է դիմումներ ստանալ` արտերկրից ժամանող օդանավերի ընդունման խնդրանքով: Արդեն իսկ ժամանման ժամերն են հայտարարագրել ՌԴ, Ուկրաինայի, Ռումինիայի, Ղազախստանի, Թուրքիայ, Ֆրանսիայի, Բելգիայի փրկարար ծառայությունների օդանավերը: