«Ես հավանություն եմ տալիս Սերժ Սարգսյանի նախապայմանին, որը նա առաջ է քաշել Թուրքիայի առաջ՝ հոկտեմբերին իր Թուրքիա այցելելու հետ կապված»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարքիսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար Աբդուլա Գյուլի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հրավերի առիթով ՀՀ նախագահը հայտարարել է, որ Թուրքիա կայցելի միայն այն դեպքում, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բաց կլինի, կամ այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց նկատվի:
«Այդ նախապայմանը նա պետք է վաղուց դներ, քանի որ խոսքը գնում է հայկական դիվանագիտության ու ազգային արժանապատվության մասին: Այդ աստիճան զիջել չի կարելի, եւ վերջապես նախագահն անցավ այլ մարտավարության, որին ես կողմնակից եմ»,- ընդգծեց մարքսիստը:
Հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ հավանություն չեք տալիս մինչ այդ Սերժ Սարգսյանի քայլերին, երբ նա խոսեց հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին, կամ ապրիլի 22-ին Թուրքիայի հետ ճանապարհային քարտեզին վերաբերող հայտարարություն ստորագրեց, Դ. Հակոբյանն արձագանքեց. «Այո, ՀՀ նախագահի նախորդող քայլերը սխալ էին: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարավոր զիջումներին, ապա այդ երկիրը մինչեւ հոկտեմբեր ժամանակ չունի այլեւս որեւէ զիջողական քայլեր կատարելու համար: Նա ժամանակի առումով ցայտնոտի մեջ է եւ կարծում եմ, այդ ֆուտբոլային դիվանագիտության վախճանն արդեն ակնառու է»:




























