Ադրբեջանական կողմը կրկին հայ գերիների վրա ճնշումներ գործադրելու բազմաթիվ փաստերը հերքելու փորձ է ձեռնարկել:
Մասնավորապես, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ «հայերի ասածը Հակոբ Ինջիղուլյանին տանջելու մասին չի համապատասխանում իրականությանը»:
Պետական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ այն բանից հետո, երբ Ինջիղուլյանը «անցել է» ադրբեջանական կողմ, նրա հետ քանիցս զրուցել են լրագրողները: Այն, որ գերեվարված անձի հանդեպ հանրային հետաքրքրությունը ինքնին միջազգային օրենսդրության խախտում է, ադրբեջանցի պաշտոնյային քիչ է հուզում: «Կան կադրեր՝ նկարահանված այն ժամանակ, երբ նա այստեղ էր, նաեւ՝ նրան Հայաստանին հանձնելու կադրերը: Մարդը, ում կտտանքների են ենթարկել, չի կարող այդպիսի տեսք ունենալ, նա չէր կարող ապաքինվել», - կարծում է Սադիգովը:
Ադրբեջանցի պաշտոնյան «մոռացել է» հիշատակել, որ Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանական գերության մեջ մնացել է տարուց ավելի եւ ոչ թե Հայաստանին է հանձնվել, այլ ՄԱԿ-ի միջոցով ուղարկվել է Ռումինիայում գտնվող փախստականների ճամբար, որտեղից միայն մեկուկես ամիս հետո է վերադարձել Հայաստան:
Հայրենիք վերադառնալով՝ Հակոբ Ինջիղուլյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները գնդակահարության սպառնալիքով իրեն ստիպել են ստել ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ երրորդ երկիր գնալու ցանկության վերաբերյալ:
Սադիգովը նույնկերպ շրջանցել է գերի ընկած ծերունի Մամիկոն Խոջոյանին տանջանքների ենթարկելու հարցը, որը վախճանվել էր հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո: Սադիգովը լռել է նաեւ գերի Կարեն Պետրոսյանի մահվան մասին, որն ադրբեջանական գերությունում մնացել է ընդամենը մեկ օր: Խաղաղ բնակիչը ներկայացվել էր որպես «դիվերսանտ» եւ մահապատժի ենթարկվել ադրբեջանական զնդանում: Կարեն Պետրոսյանի մարմինը, ի դեպ, ադրբեջանցիները երկու ամիս հրաժարվում էին հայրենիք վերադարձնել: Ճիշտ նույն կերպ Սադիգովը նախընտրել է լռել ադրբեջանական գերությունում հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան մասին:
Ներկայումս փորձաքննություն է անցկացվում, որը կտա Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հարցերի պատասխանը: Մանվել Սարիբեկյանի զոհվելու փաստով հայկական կողմն արդեն դիմել է ՄԻԵԴ:




























