Չնայած պաշտպանական ոլորտում մեծ ծախսերին՝ ադրբեջանական բանակը գտնվում է բարձիթողի վիճակում եւ թաղված է կոռուպցիայի մեջ: Կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանն ու իր բանակը միակ ապակայունացնող գործոնն են տարածաշրջանում: Փորձագետի կարծիքով, անգամ մեծ միջոցները, ուղղված Ադրբեջանի պաշտպանական ոլորտ, չեն բարձրացրել նրա բանակի մարտունակությունը: Այդ գումարները մեծամասամբ չեն օգտագործվում ըստ նշանակության: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմատենչ խաղերը վտանգավոր են ադրբեջանական իշխանությունների համար: Օրինակ, նախկին նախագահ Հեյդար Ալիեւը չէր բարձրացնում պաշտպանական ոլորտի ծախսերը, քանի որ հասկանում էր բանակի վտանգավորությունը»,- նկատել է Կիրակոսյանը:
«Այնպես որ, թույլ, կոռումպացված եւ բարոյալքված ադրբեջանական բանակն անգամ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պարտություն է կրելու»,- ամփոփել է փորձագետը:
Զուգահեռներ անցկացնելով ադրբեջանական եւ հայկական բանակների միջեւ՝ Կիրակոսյանը նկատել է, որ եթե ադրբեջանցիները գերազանցում են մեզ թվային առումով, զիջում են որակական հատկանիշներով: «Անգամ խորհրդային ժամանակներում հայերը մի քանի մարշալ հարյուրավոր գեներալներ ու սպաներ են տվել, միեւնույն ժամանակ ադրբեջանցիներն աշխատում էին աշխատանքային գումարտակներում եւ բանակային խոհանոցներում»,- ասել է փորձագետը: Հայկական բանակն այսօր ամենամարտունակն է տարածաշրջանում, համեմատած անգամ վրացական բանակի հետ: Անգամ տեխնիկական առումով, ըստ փորձագետի, ադրբեջանցիները գերազանցում են քանակական, բայց ոչ որակական առումով: «Ռազմական տեխնիկայի մեծ մասն Ադրբեջանը ժառանգել է Հոտեմբերյան հեղափոխության ժամանակներից»,- նշել է փորձագետը: Ըստ Կիրակոսյանի՝ հայկական բանակի աքիլեսյան գարշապարը ռազմաօդային ուժերն են, ավելի ճիշտ՝ դրանց թվաքանակը:




























