Թուրքիայի Կարսի նահանգապետ Ահմեդ Քարան հայտնել է, թե արտգործնախարարությունը իրենցից տվյալներ է պահանջել՝ հայ-թուրքական սահմանակետի վիճակի հետ կապված։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Կարսի նահանգապետը, լրագրողներին հիշեցնելով հայ-թուրքական արձանագրությունները, նշել է, որ դրանք գործողության մեջ կդրվեն երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո, սակայն իրենք Թուրքիայի ԱԳՆ-ից գրություն են ստացել՝ պարզելու, թե Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցության ճանապարհները ինչ վիճակում են, եւ դրանք կարգի բերելու համար որքան ժամանակ է հարկավոր, եթե որոշում կայացվի բացել սահմանը։ Ըստ նահանգապետի՝ մեկ շաբաթվա ընթացքում պետք է պատասխանել ԱԳՆ-ի գրությանը, եւ աշխատել ադրբեջանցիների սիրտը շահել, քանի որ դեռեւս ղարաբաղի հարցը կարգավորված չէ։
Կարսի նահանգապետը՝ նշելով, որ արդեն մասնագետների խումբ է մեկնել Կարսի Աքյաքա սահմանակետ, ավելացրել է. « Երկու երկրների միջեւ համաձայնության դեպքում, սահմանի բացման աշխատանքները կտեւեն ամենաշատը մեկ ամիս։ Մեր կողմի ճանապարհները գերազանց վիճակում են, իսկ հայկական կողմում դրանք այնքան էլ լավ վիճակում չեն։ Մեր մասնագետները կհաշվարկեն սահմանակետի բացման համար անհրաժեշտ գումարի չափը, ինչպես նաեւ տեխնիկական տեսանկյունից դրա շահագործման հանձնելու ժամկետը»։




























