NEWS.am-ը ներկայացնում է վաղուց լուծարված ԳՀԻ-ի նախկին աշխատակցի պատմությունը գիտական մի հետազոտության վերաբերյալ:

Գաղտնիք չէ, որ շատ ԳՀԻ-ներ այն ժամանակներում (գուցե հիմա էլ) հարմար որջ էին ծույլերի  համար: Աշխատանքի յուրահատկությունը, թերությունները եւ սուբյեկտիվիզմը որոշ «գիտաշխատողների» թույլ էր տալիս պարապ նստել կլոր տարին: Մեր ինստիտուտն էլ երջանիկ բացառություն չէր այս առումով:

Սպիտակի երկրաշարժի մասին լուրերը, մարդկային զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ առաջին հաղորդագրությունները ինստիտուտի կազմին, ինչպես եւ մեր ողջ ժողովրդին, շոկային վիճակի մեջ գցեց: 

Փրկօղակ դարձավ մեր ինստիտուտի ուղղվածությանը ոչ բնորոշ առաջադրանքը:  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի կառավարության միջոցով ինստիտուտին բավական բարդ առաջադրանք տվեց:

Կարճագույն ժամկետում (ժամանակը չի սպասում) հարկավոր էր հաշվարկել Հայաստանի պահանջմունքները շուկայական ֆոնդերում՝ գրեթե բոլոր ապրանքների մասով: Ընդ որում՝ հարյուրավոր ապրանքներից յուրաքանչյուրի համար պետք էր պահանջարկի  հստակ հիմնավորում տալ, ոչ թե ուղղակի օդից գրել:

Այդ տվյալները պետք էին ԽՍՀՄ Պետպլանին՝ Հայաստանին առաջիկա տարիներին կացարաններ կառուցելու համար շինանյութերի, մշակութա-կենցաղային նշանակության, հագուստի եւ կոշկեղենի շուկայական հավելյալ ֆոնդեր հատկացնելու նպատակով:

Զարմանալին այն էր (թեեւ միանգամայն սպասելի), որ այդ աշխատանքին ամենաակտիվը մասնակցում էին երեկվա «պարապ-սարապները»: Այդ պատճառով կոլեկտիվը, ցուցաբերելով մինչ այդ չտեսնված էնտուզիազմ, ժամկետից շուտ ավարտեց առաջադրանքը: Իսկ ի՞նչ եղավ հետո:

Հետո, ինչպես հայտնի է, Խորհրդային Միությունում սկսվեց տասնամյակներով ստեղծված համակարգի փլուզումը: Տնտեսական ծանր ճգնաժամը, կենտրոնական իշխանության թուլացումը «եղբայրական» հանրապետություններում ծնեցին հզոր կենտրոնախույս ուժեր: ԽՍՀՄ ղեկավարությունն արդեն Հայաստանի մասին մտածելու ժամանակ չուներ: Այդ պատճառով ի սկզբանե շատերին հուսադրած նախաձեռնությունը աղետյալ գոտում վերականգնողական աշխատանքների վերաբերյալ, ավարտվեց լճացմամբ: