Հայ-հնդկական հարաբերությունները զարգացնելու եւ առեւտրային կապերն ամրացնելու համար ստեղծվել է «Արմինդա» հայ-հնդկական բարեկամության ընկերակցությունը։ Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս նախաձեռնության մասին մանրամասներ ներկայացրեց Կալկաթայում լույս տեսնող առաջին հայկակական պարբերականի՝ «Ազդարար»-ի խմբագիր եւ «Արմինդա»-ի նախագահ Մարտիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, այս նոր ընկերակցության հիմնական նպատակն է լինելու նպաստել տարատեսակ ապրանքների արտահանմանը Հայաստանից դեպի Հնդկաստան։
«Ներկայումս Հնդկաստանից Հայաստան ներկրվում են գոմեշի միս, էժան հագուստներ, թեյ եւ ամսվա կտրվածքով՝ մոտ 15 մլն դոլարի այլ ապրանքներ, սակայն Հայաստանից դեպի Հնդկաստան ոչինչ չի արտահանվում»,-նշեց Մարտիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այստեղից նախատեսվում է Հնդկաստան արտահանել կոնյակ, գինի, շինարարական կոնստրուկցիաներ, բարձր տեխնոլոգիական արտադրանք եւ մշակութային գործեր։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, ով եւս ներկա էր հանդիպմանը, ողջունեց այս նախաձեռնությունը եւ հավելեց, որ իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու գործում։


























