Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 26 տարի: 10 բալանոց երկրաշարժից ամենաշատը տուժել է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը, որտեղ զոհերի թիվը եղել է մոտ 15-17 հազար: Ասում են, որ Գյումրիում 1988թ.-ից հետո նախ եւ առաջ մարդկանց հոգեբանությունն է փոխվել. հումորի եւ արվեստի քաղաքն այսօր տխուր է, կիսաքանդ ու անմխիթար, իսկ պաշտոնական տվյալներով՝ 431 ընտանիք՝ առանց տանիքի: Մինչդեռ որոշ հաշվարկներով՝ այսօր մոտ 4000 ընտանիք դեռ բնակվում է փայտե ու թիթեղյա տնակներում, որոնց պայմանները անտանելի են դառնում հատկապես ձմռանը:
Ոչ միայն տնակներում, այլեւ նոր բնակարաններ ստացած գյումրեցիներն են բողոքում կենցաղային տարրական պայմանների բացակայությունից: Դեռ ամռանը Գյումրի այցելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որին գյումրեցիները մեծ վրդովմունքով դիմավորեցին եւ հայտնեցին բնակարանների թերությունների մասին՝ բարձրաձայնելով նաեւ, որ սեփականության վկայականներ էլ դեռ չեն ստացել: Չլուծված խնդիր է մնում նաեւ ճանապարհների ասֆալտապատումը: Եթե չլիներ 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Գյումրի, քաղաքի կենտրոնական փողոցները կշարունակեին մնալ անբարեկարգ: Արվարձանային փողոցների մասին խոսելն իսկ ավելորդ, Գյումրի այցելող ցանկացած մարդ այդ մասին գիտի եւ փորձում է քաղաքի կենտրոնից շատ չհեռանալ:
Մինչդեռ մարզի պատասխանատուները հավաստիացնում են, որ լայնածավալ շինարարություն է իրականացվում մարզկենտրոնում:
«Շատ հարցեր լուծվել են, այս տարիների ընթացքում ավելի քան 300 մլն դոլարի ներդրում է կատարվել, բնակարանների համար գրանցված մարդկանց մեծ մասն արդեն տուն ունի. մնացել է 431 ընտանիք, որոնք նույնպես շուտով բնակարան կստանան: Իհարկե, սա չի նշանակում է, որ տնակները վերացել են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ մարդկանց հոգեբանությունն էլ կամաց-կամաց փոխվում է դեպի լավը:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12 հազար 5 հարյուր մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:



























