«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերին իր հետագա գործողությունների ամենօրյա ծրագիր է կազմելու, անգամ եթե ոչ իշխանական մյուս ուժերը չհամագործակցեն նրա հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած  քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«Դեկտեմբերին ունենալու ենք գործողությունների ամենօրյա ծրագիր` ձեզ հետ համագործակցության շնորհիվ: Այս հավաքներն էլ ուղղված են դրան: Մի քանի ամիս շարունակ հենց պարոն Հովհաննիսյանը փորձեց համախմբել ամբողջ քաղաքական դաշտը: Հավաքեց, զրուցեց, բանակցեց, բայց այս պահին մենք դեռ չունենք միասնական հարթակ, որը ձեզ ցույց կտա միասնական գործողությունների ծրագիրը: Եթե դա տեղի չի ունենում այլ քաղաքական ուժերի միջոցով, միեւնույն է, պարոն Հովհաննիսյանը նախաձեռնելու է այդ հավաքականությունը: Իսկ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր չեն մասնակցելու միասնականությանը, նրանք ի սկզբանի դասալիք են եղել, նրանց այլեւս պետք է չանդրադառնանք: Նրանց իրապես պետք է փոխարինեն հենց ձեր ներկայացուցիչները»,-հավաքվածներին դիմեց Զարուհի Փոստանջյանը: