Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ` դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12 հազար 5 հարյուր մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:



























