Գյումրիի զինվորական կայազորում հարգել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Ավերիչ երկրաշարժը Գյումրիում ավելի քան 20 հազար մարդու կյանք է խլել: Փաստացի ամբողջությամբ ոչնչացվել է արդյունաբերական ներուժը եւ պետական բնակֆոնդը:
Առաջիններից մեկը օգնության է հասել Լենինականում գտնվող խորհրդային 127-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որը նույնպես կորուստներ էր կրել՝ զոհվել էր 22 զինծառայող եւ նրանց ընտանիքների 146 անդամներ:
Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրի մոտ հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել: Ծաղկեպսակներ դնելու արարողությանը ներկա են եղել ռուսական ռազմակայանի զինծառայողները՝ իրենց ընտանիքներով, ՌԴ հյուպատոսության, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, հոգեւորականության, Շիրակի մարզային ղեկավարության ներկայացուցիչներ, երկրաշարժի զոհերի հարազատներ ու մտերիմներ:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար ք/կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12 հազար 5 հարյուր մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:




























