Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ու մատուռներում դեկտեմբերի 7-ին Պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի: Այս մասին գրում է Analitika.ua-ն:

Կիեւում Պատարագը մատուցվել է մատուռում, որը տեղակայված է քաղաքային իշխանությունների կողմից առաջնորդանիստ տաճարի կառուցման համար Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմին հատկացված տարածքում: Պատարագը մատուցել են ՀԱԵ Ուկրաինայի թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը եւ Կիեւի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանը: Արարողությանը մասնակցել են Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, մայրաքաղաքի հյուրեր եւ բնակիչներ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11:41-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը: Ստորգետնյա հզոր ցնցումները մեկուկես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը: Երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակում ցնցումների ուժգնությունը հասան 10 բալի՝ 12 բալանոց սանդղակով: Ստորգետնյա ցնցումները զգացվեցին նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում:

Պաշտոնական տվյալներով, ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, 19 հազարը հաշմանդամ է դարձել, առանց տանիքի է մնացել 530 հազար մարդ: Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Ընդհանուր առմամբ, երկրաշարժը 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ է ավերել, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (ներկայում՝ Գյումրի) բնակարանային, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80%-ը: Մեծ ավերածություններ եղան նաեւ հանրապետության երրորդ քաղաք Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր): Երկրաշարժը շարքից դուրս բերեց երկրի արդյունաբերական պոտենցիալի շուրջ 40%-ը: Այն ժամանակ Հայաստանին օգնության հասավ ամբողջ Խորհրդային միությունն ու ամբողջ աշխարհը: