Մոտավորապես 30 հոգու համար ամանորյա սեղանը այս տարի կարժենա 200 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

Նա նշեց, որ այդ գումարով հայկական ավանդական ուտեստներով նորմալ սեղան հնարավոր է պատրաստել՝ առանց ավելորդ ճոխությունների եւ ոչ էլ ամաչելու առիթ տվող:  Նախորդ տարի նույն սեղանը արժեր 150-155 հազար դրամ: Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ նախորդ տարվա Ամանորի համեմատ՝ ապրանքները թանկացել են 20-25 տոկոսով:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ պետք է առանձնացնել երկու կատեգորիա՝ ամանորյա գնաճ եւ գնաճ, որը պայմանավորված է դոլար-դրամ վայրիվերումների հետ: Օրինակ՝ գյուղմթերքի մասով գյուղացին տեսնելով, որ իր համար կյանքը թանկացել է, պետք է իր ապրանքը վաճառի բարձր գնով, որպեսզի կարողանա ապրել, իսկ մեզանում չկա այնպիսի կառավարման համակարգ, որը կկարգավորի այդ ամենը: «Քանի որ ամբողջ տարվա ընթացքում գյուղացուն մենակ ենք թողել իր հողի, վարկի, բերքի հետ, այժմ կյանքը նրա համար թանկացել է, հետեւաբար՝  իր ծախսերը հոգալու համար պետք թանկ վաճառի ապրանքը: Իսկ ո˚վ լծակ ունի կանխելու գյուղմթերքի գինը, ոչ ոք չի կարող վերահսկել, որովհետեւ աջակից չենք եղել ամբողջ տարվա ընթացքում, այսինքն՝ կյանքը ինչքան թանկացավ գյուղացու համար, այնքան էլ գյուղմթերքը կթանկանա»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց նաեւ, որ քաղաքացիների վրա գնաճը շեշտակի ազդել է, քանի որ թանկացել է նաեւ ռուբլով գնված ապրանքները:

«Ոչ մի բան էլ չի էժանացել, ամեն ինչ թանկացել է, բոլորը խոսում են,թե կկանխենք, կկանխենք, դե կանխեք: Օրինակ՝ կաթնամթերքի շուկայում  խոշորներից երկուսը ապրանքը թանկացրել է, մեկը նվազեցրել է գինը 10-20 դրամով, մյուսներինը նույնն է, բայց դա ազդում է քաղաքացու գրպանի վրա, քանի որ ապրանքը թանկացնողները գերիշխող դիրք ունեն»,-ասաց Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց նաեւ, որ թանկացել են նաեւ դոլարով գնված ապրանքները, հացամթերքը, իսկ առաջիկա  խմբաքանակը ավելի թանկ է լինելու:

Բաբկեն Պիպոյանը կանխատեսեց, որ առաջիկա օրերին կբարձրանա նաեւ մսի գինը, գյուղմթերքը: