Օմբուդսմենի գրասենյակի հետ երկարատեւ ինտելեկտուալ պատերազմները ոչ մեկի համար արդյունավետ չեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա երախտագիտություն հայտնեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ ընդամենը 40-50 աշխատակիցներով ամբողջ հանրապետությունում իրականացված հսկայական աշխատանքի համար. «Դուք կարեւոր գործառույթ եք իրականացնում. աշխատում եք այնպիսի հարցերի շուրջ, որոնք քաղաքացիներին ամենաշատն են անհանգստացնում: Որոշ առումով Դուք մեր աչքերն ու ականջներն եք: Մենք երախտապարտ ենք դրա համար», -ասաց Գասպարյանը:
Միեւնույն ժամանակ, երկու կառույցների իրավաբանները չպետք է մրցեն իրավունքի ոլորտում իրենց գիտելիքներով եւ ձգձգված իրավաբանական մարտեր վարեն: «Դա որեւէ արդյունքի չի հանգեցնի: Մենք պետք է համագործակցենք, այլ ոչ թե մրցակցենք», - հավելեց ոստիկանապետը:



























