Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկու անգամ կողմ է արտահայտվել անկախությանը՝ առաջինը 23 տարի առաջ կայացած Անկախության հանրաքվեում, երկրորդը՝ 2006թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեում: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հանրաքվեի անցկացման պահից ի վեր ղարաբաղյան պետության կայացումը:

«Անկախության որոշումն անշրջելի էր եւ վերջնական», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ ԼՂ պետական զարգացումը սպեցիֆիկ էր, բայց բոլոր ժամանակներում Ղարաբաղը մնացել է  հայկական անկախ պետականության բեկորներից մեկը: Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ադրբեջանի կազմին Լեռնային Ղարաբաղը բռնակցելու որոշումից հետո էլ Ղարաբաղը պահպանել է ինքնավարությունը: 

Յոթ տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ամեն կերպ փորձել է Ղարաբաղից խլել այդ պետականությունը՝ չունենալով ինքնավարությունը վերացնելու իրավունք, փորձել է դա անել ժողովրդագրական պատկերի փոփոխության շնորհիվ: Դա չի հաջողվել, ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանն օգտվեց ԽՍՀՄ փլուզումից եւ վերացրեց ինքնավարությունը:

«Սակայն Ղարաբաղի ժողովուրդը որոշեց զարգացնել պետականությունը: Այդպես սկիզբ դրվեց նոր փուլին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Եվ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն, որում բնակչության մեծ մասը կողմ քվեարկեց անկախությանը, Ղարաբաղի ժողովրդի ձգտումների ապացույցը դարձավ:  Ի դեպ, քվեաթերթիկներ ուղարկվել էին նաեւ ադրբեջանական համայնքին, բայց նրանք հրաժարվել էին քվեարկությունից:

Արդյունքում բնակչության մեծամասնությունը որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ:

Ի պատասխան Ադրբեջանն ագրեսիա սկսեց՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղը, լինելով անկլավ, թույլ, կարող է ոչնչացվել: Ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ:   Ադրբեջանը  տանուլ տվեց պատերազմը: Արդյունքում փոխվեց տարածաշրջանի իրավիճակը, փոխվեցին սահմանները: 2006թ. սահմանադրական հանրաքվեով արդյունքն ամրագրվեց.  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատեց ապագայի եւ անվտանգության համակարգի իր տեսլականը: Դա առաջին հերթին անկախության անսասան ուղղությունն է, որը բացառում է նախկին կարգավիճակին եւ սահմաններին վերադարձը», - ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս իրադարձությունը՝ հայկական երկրորդ պետության ի հայտ գալը, նաեւ նշանակալի էր համայն հայ ժողովրդի կյանքում: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատրաստ է կառուցել ու զարգացնել, հարկ եղած դեպքում նաեւ պաշտպանել իր պետությունը», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: