Քաղբանտարկյալների գործերի 95 տոկոսի սանկցիաները տվել է դատախազությունը եւ դատախազությունն է մշտապես հերքել քաղբանտարկյալների առկայությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱԳ նախկին նախարար, ՀՀՇ անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Զարմանալի է, որ դատախազության աշխատակիցները ոչ միայն անտեսում են մեր հանձնաժողովի կողմից ուղարկված տարբեր բողոքները, այլեւ խուսափում են բաց ճակատով գալ ու խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են»,-ընդգծել է Արզումանյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, նա խորհուրդ տվեց չհամեմատվել այդ երկրի հետ: «Եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում: Ամոթ է՝ 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ: Այս պահին ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»,-ասել է պատգամավորը՝ հստակեցնելով, որ այսօր Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ:
«Այս պահին ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, դա Շանթ Հարություննյանն ու իր ընկերներն են»,-ընդգծել է Արզումանյանն ու հավելել. «Երբեւէ մեր պատմության մեջ չի եղել նման բան, որ անչափահաս որդուն, ով փորձել է պաշտպանել իր հորը, երբ ոստիկանները նրան հարվածում էին, հիշում եք, ինչ պատիժ պահանջեց դատախազը: Ամոթալի մի բան, քիչ ենք խոսում այդ մասին, սա աղաղակելու թեմա է: Նման բաներ կային Ուզբեկստանում, երբ կանանց ու երեխաներին էին հալածում, կա նման նաեւ Ադրբեջանում, որ ընտանիքներով են բանտ նետում, բայց մենք իրավունք չունենք համեմատվել նրանց հետ: Քանի դեռ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, մենք չենք կարող ասել, որ առաջընթաց ունենք»:



























