Ռազմաքաղաքական հետազոտություններով զբաղվող Բոննի Կոնվերսիայի Միջազգային կենտրոնը  հրապարակել է Ռազմականացման 2014 թվականի ինդեքսը` աշխարհի 149 երկրների համար, որն արտահայտում է 2013 թվականի իրադրությունը:

Համաշխարհային վարկանշում Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում. Հայաստանը 3-րդ տեղում է՝ ռազմականացման 782.99 ինդեքսով, միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հայտնվել 5-րդ:  Վարկանիշի կազմման գլխավոր ցուցանիշներից մեկը երկրի ՀՆԱ-ի նկատմամբ ռազմական ծախսերի մակարդակի հարաբերակցությունն է:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց ռազմական բյուջեները: Նաեւ ընդգծվում է, որ Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում: Փորձագետների կարծիքով, իրավիճակը վտանգավոր է եւ դերակատարները պետք է միջամտեն հետագա էսկալացիան կանխելու համար: Սակայն նրանց խոսքով՝ Հարավային Կովկասում ռազմականացումը պետք է դիտարկվի ընդհանուր համատեքստում: Նրանք դա կապում են ռազմական բարեփոխումների հետ, որոնք 2008թ.-ից իրականացնում է  Ռուսաստանը՝ արդիականացնելով սպառազինությունների համակարգը եւ մեծացնելով պաշտպանական ձեռնարկությունների հզորությունը:

Աշխարհի ամենառազմականացված երկիրը համարվում է  Իսրայելը: Տասնյակում հայտնվել են նաեւ Սինգապուրը, Սիրիան, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը եւ Հունաստանը: ԱՄՆ-ն 31-րդ տեղում է: