Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին խնդրել է փակել ռուս-ուկրաինական սահմանը՝ պնդելով, որ դա կարճ ժամանակում կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատմանը: Նա այս մասին հայտարարել է Ավստրալիա այցի ժամանակ, որտեղ քննարկել է ԱԷԿ-ի համար Ուկրաինա ածխի եւ ուրանի մատակարարման հարցեր:
«Խնդրում եմ, դուրս բերեք զորքերը իմ տարածքից», - ասել է Պորոշենկոն՝ դիմելով Ռուսաստանին, - «Խնդրում եմ, փակեք սահմանը: Եվ ես խոստանում եմ, որ եթե դուք փակեք սահմանը, ապա մեկ, երկու, երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայում խաղաղություն եւ կայունություն կհաստատվի: Ամեն ինչ շատ պարզ է... Ցանկանում եմ պարզաբանել, որ Ուկրաինան պատերազմում է ոչ միայն հանուն իր անկախության, իր տարածքային ամբողջականության: Մենք պատերազմում ենք հանուն ազատության, ժողովրդավարության եւ խաղաղության», փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը համերաշխություն է հայտնել Ուկրաինային եւ աջակցելու պատրաստակամություն:




























