Եվրամիությունը հատուկ քննչական խմբի նոր դատախազ է նշանակել, որը կհետաքննի Կոսովոյում  «սեւ փոխպատվաստումների» գործը:

Ամերիկացի իրավաբան Դեյվիդ Շվենդիմանը (David Schwendiman) խմբի գլխավոր դատախազի պաշտոնում կփոխարինի Քլինթ Ուիլյամսոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Կոսովոյում ԵՄ առաքելության (EULEX) խմբում կա 25 դատախազ եւ քննիչ: Հուլիսին խմբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստ են մեղադրանք ներկայացնել մի քանի կասկածյալների: Մինչ այդ Կոսովոյի եւ ԵՄ-ի իշխանությունները կարող են պայմանավորվել հատուկ տրիբունալի ստեղծման մասին, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի:

 Կոսովոյում եւ Ալբանիայում մարդկային օրգանների ապօրինի առեւտրի հետ կապված սկանդալը լայն արձագանք էր գտել ԵԽԽՎ անդամ Դիք Մարտիի 2010թ. զեկույցից հետո: Դրանում ասված էր Կոսովոյի 1998-1999թթ. հակամարտության ընթացքում առեւանգված մարդկանց օրգանների առեւտրի մասին: Զեկույցում հաստատվում էր, որ Կոսովոյի ներկայիս վարչապետ Հաշիմ Տաչիի մերձավոր շրջապատի մարդիկ կապ են ունեցել օրգանների առեւտրի հետ: