Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների գործով դատական նիստն այսօր` դեկտեմբերի 12-ին, հետաձգվել է:

Ինչպես տեղեկանում ենք «Արցախպրես»-ից, այսօր պետք է կայանար ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը: Սակայն հիմք ընդունելով Շահբազ Գուլիեւի դատապաշտպան Արկադի Իսրայելյանի ներկայացրած միջնորդությունն առ այն, որ ինքն առողջական խնդիրներ ունի եւ հաշվի առնելով նաեւ տուժող Վրեժ Բալայանի բացակայությունը՝ գործը քննող դատավոր Անատոլի Թադեւոսյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 19-ը։

Նշենք, որ դիվերսանտների գործով դատաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։