Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարները բավարարված են երկրների միջեւ համագործակցության զարգացման տեմպերից: Այդ մասին ասվել է երկու երկրների արտգործնախարարների համատեղ ասուլիսում, որը կայացել է դեկտեմբերի 12-ին Երեւանում:

ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը  նշել է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ՝ 2015թ.  ԵՄ-ում Լատվիայի սպասվող նախագահության համատեքստում, հունվարին Հայաստան-ԵՄ խորհրդի նիստի, մայիսին Ռիգայում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասին:  

Կողմերն անդրադարձել են միջազգային մի շարք հարցերի: Նալբանդյանը գործընկերոջն է ներկայացրել  Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ջանքերը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի ճգնաժամի, Սիրիայում եւ Իրաքում իրադրության վերաբերյալ: Կողմերը գոհունակությամբ նշել են հարաբերությունների զարգացման լավ առաջընթացը, փոխադարձ այցերը: 2015թ.  սպասվում է Լատվիայի խորհրդարանի խոսնակի այցը Հայաստան: 

Իր հերթին աշխատանքային այցով Երեւան ժամանած Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Արեւելյան գործընկերությունը կլինի առաջնահերթություններից մեկը՝ ԵՄ-ում Լատվիայի նախագահության ժամանակաշրջանում:  Ըստ նրա՝ Ռիգայի գագաթաժողովը կարող է կարեւոր փուլ դառնալ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի լսենք Հայաստանի կարծիքը՝  ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ», - նշել է նախարարը, հավելելով, որ խոսքը երկրի շահերը հաշվի առնելու մասին է՝ ԵՏՄ-ին դրա անդամակցության համատեքստում:  Ըստ նախարարի՝ խոսքը քաղաքականության եւ քայլեր մշակելու համար ճանապարհային քարտեզ ստեղծելու մասին է, որոնց նպատակն է նոր պայմանագրի կնքումը: Մենք սպասում ենք, որ երկխոսությունը կշարունակվի հունվարին՝ Բրյուսելում, Հայաստան-ԵՄ խորհրդի նիստում»:

Ըստ նախարարի գնահատման՝ երկկողմ հարաբերությունները լավ են զարգանում: «Մենք մեր հայ գործընկերների նման մտահոգ ենք Իրաքի եւ Սիրիայի իրադրության կապակցությամբ», - հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ ԵՄ-ում նախագահության ժամանակաշրջանում  առաջնահերթ կլինի նաեւ ահաբեկչության դեմ պայքարը, առավել եւս, որ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների կողմն են ԵՄ բազմաթիվ քաղաքացիներ: «Մենք բարձր ենք գնահատում հայ գործընկերնրի փորձագիտական  գիտելիքները՝ հաշվի առնելով Սիրիայում եւ Իրաքում հայկական համայնքների առկայությունը: Սա պարզապես քննարկում չէ, այլ փորձագիտական կարծիքների եւ տեղեկութան փոխանակում»:

Քննարկումները կշարունակվեն աշխատանքային ճաշի ժամանակ: