2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչեւ 10 տարի վավերականության ժամկետով: Նաեւ, մինչեւ 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց:
Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի եւ մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչեւ 180 օր:
Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն այն հարթակն է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առեւտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր եւ վերհանվում են հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը:
Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաեւ զբոսաշրջության համար:
Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:




























