Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է 10 տարով բազմաթիվ անգամներ մուտքի արտոնագիր տրամադրել տուրիստական եւ բիզնես նպատակներով ԱՄՆ ուղեւորվող Հայաստանի քաղաքացիներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության հյուպատոս Ֆրենկ Տուն:
Նրա խոսքով՝ դա կխթանի երկկողմ կապերի զարգացմանը: Մուտքի արտոնագրի ստացման վճարը չի փոփոխվել: «Իհարկե, ուսանողներին այն կտրամադրվի ոչ թե 180 օրով, այլ ավելի երկար, իսկ զբոսաշրջիկների համար վիզայի տրամադրման ժամկետը 6 ամիս է», - հստակեցրեց Ֆենկ Տուն: ԱՄՆ-ում մուտքի արտոնագիր ստանալու համար չափանիշները նույնն են: «Դրանցում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ չափանիշներին համապատասխանելու դեպքում ձեզ կտրամադրեն ԱՄՆ ուղեւորության մուտքի արտոնագիր», - ասաց Ֆրենկ Տուն:
Կառավարության երեկվա՝ դեկտեմբերի 11-ի նիստին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի ստացման պարզեցման հնարավորություն կստանան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները 2015թ. հունվարից 1-ից կարող են առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելել՝ մինչեւ 180 օր ժամկետով:




























