Հայաստանում նախատոնական թանկացումները այս տարի կազմել են 10-15 տոկոս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նկատելով, որ կառավարությունը հայտարարել էր ընդամենը 5 տոկոս գնաճի մասին:
«Ապրանքները կշարունակեն թանկանալ մինչեւ նոր տարի, ինչպես նաեւ մինչեւ հունվարի առաջին տասնօրյակը, որից հետո հնարավոր է, որ վիճակը մի փոքր փոխվի»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ գնաճը կարծես «ավանդույթ» է դարձել:
«Սպառողների միության» ՀԿ նախագահի կարծիքով, Հայաստանում ապրանքների եւ ծառայությունների գների աճը կապված է ռուսական ռուբլու տատանումների հետ:
«Գնաճի վրա ազդեց նաեւ ռուբլու արժեզրկումը եւ դրամի գնողունակության անկումը: Ամենից շատ բարձրացել են ընդեղենի, ձավարեղենի գները»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ ավելացնելով, որ այս տարի գնաճը ավելի զգալի է:
Արմեն Պողոսյանը կարծիք հայտնեց նաեւ, որ Հայաստանում վերջին մի քանի օրում գազալցակայաններում գազի թանկացումները հնարավոր է հանգեցնեն տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:



























