Նախախորհրդարանը առաջարկում է բռնությունները կանխելու մեխանիզմ ստեղծել:

Նախախարհրդարանի տարածած հայտարարությունում ասվում է.

«Նախախորհրդարանի քարտուղարությունը խստորեն դատապարտում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը:

Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել եւ ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարեւոր է համարում բռնությունների կանխարգելման եւ արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձեւավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական եւ գաղափարական տարբերություններից»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: