Մեր նպատակը միշտ էլ եղել եւ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդումն այն ձեւաչափով, որում շահագրգռված է Երեւանը, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ դեսպանատանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք քաղաքական պատճառներ Հայաստանի հետ արտոնագրային ռեժիմն ազատականացնելու համար, հաշվի առնելով այն փաստը, որ 2015 թ. հունվարի 1-ից երկիրը միանում է ԵՏՄ-ին:
Ըստ նրա՝ օրը դեկտեմբերի 11-ը ընտրել է ՀՀ կառավարությունը: «Մենք որոշակի ժամկետներ չենք նշել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար: ՀՀ կառավարությունը 2015 թ. հունվարի 1-ն է ընտրել, հետեւաբար, մենք շատ ուրախ ենք դրա համար», - ասել է Ջոն Հեֆերնը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին կառավարության նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի ստացման պարզեցման հնարավորություն կստանան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները 2015թ. հունվարից 1-ից կարող են առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելել՝ մինչեւ 180 օր ժամկետով:
Ըստ պայմանավորվածության, ԱՄՆ-ի քաղաքացիների համար հաստատվում է Հայաստան մուտք գործելու ազատ ռեժիմ, իսկ Հայաստանի քաղաքացիների համար՝ բազմաթիվ անգամներ Միացյալ Նահանգներ այցելելու 10-ամյա մուտքի արտոնագրի ռեժիմ:




























