Ուկրաինայում խաղաղության  հնարավորություն է հայտնվել. այնտեղ հրադադար է հաստատվել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Գորչակովի անվան Հրապարակային դիվանագիտության հիմնադրամի գիտակրթական  «Երկխոսություն հանուն ապագայի 2014» ծրագրի շրջանակում:

«Ուկրաինայում խաղաղության հաստատման  հնարավորություն է հայտնվել: Դժվարությամբ, բայց հրադադար է հաստատվել», – հայտարարել է Լավրովը: Ըստ նրա՝ այժմ համաձայնեցվում է   Ուկրաինայում իրադրության կարգավորման  կոնտակտային խմբի Մինսկի հանդիպումների ժամանակացույցը, եւ Ռուսաստանը «ակտիվ նպաստում է դրան, որպեսզի  որքան հնարավոր է արագ համաձայնություն ձեռքբերվի»:

«Մենք ունենք նաեւ ընդհանուր բազա՝ այլ հարցերի ուղղությամբ եւս կառուցողական առաջընթացի համար, ներառյալ Դոնբասի տնտեսական վերականգնումը, քաղաքական երկխոսության հաստատումը,  որը վերջնարդյունքում պետք է սահմանադրական բարեփոխնան հանգեցնի Ուկրաինայում՝ բոլոր մարզերի եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ», – ասել է Լավրովը, նշելով, որ Ուկրաինայի իշխանությունները նման պարտավորություն են ստանձնել դեռ ապրիլին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, լինելով Ավստրալիայում, հայտարարել էր, որ իր երկրում տեւական ժամանակ անց առաջին անգամ հրադադար է հաստատվել՝ նշելով, որ անցած գիշերվա ընթացքում Ուկրաինայի բանակը կորուստներ չի ունեցել: