Հունաստանի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը Թուրքիայի արտգործնախարար Մեւլյուտ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կրկին բարձրացրել է Barbaros հետազոտական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուց դուրս բերելու հարցը: 

Հանդիպումը տեղի է ունեցել Սալոնիկում՝  Սեւ ծովի տնտեսական համագործակցության  անդամ երկրների  արտգործնախարաների խորհրդի 31-րդ նիստի շրջանակում:

Չավուշօղլուն Վենիզելոսին առաջարկել է միասին այցելել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին, երբ վերջինս ԱՄՆ-ում վիրահատությունից հետո վերադառնա Կիպրոս: Իր հերթին Հունաստանի արտգործնախարարը դա «լավ գաղափար» է անվանել, հայտնել են Հունաստանի ԱԳՆ-ում: 

Ըստ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել Կիպրոսի շուրջ լարվածոթյունը նվազեցնելու համար, եւ Վենիզելոսը կրկին բարձրացրել է  Barbaros հետազոտական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուց դուրս բերելու հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Թուրքիայի Barbaros հետազոտական նավը հոկտեմբերի 20-ից ապօրինի սեյսմիկ հետազոտություն է իրականացնում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Այդ հատվածը Կիպրոսի իշխանությունները հանձնել են   ENI/KOGAS ընկերության շահագործմանը, սակայն Թուրքիան խանգարում է աշխատանքներն սկսելուն, եւ ուղարկել է իր հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ:  Դա դարձել է կիպրոսյան հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունների խափանման պատճառ: