ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարազմատիկ է անվանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակման թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը:
Ի պատասխան այդ հայտարարությունների Շարմազանովը ընդգծել է. «Ես էլ կարծում եմ, որ Դա արվել է սադրանքի նպատակով, որպեսզի շիկացնեն մթնոլորտը: Իսկ ովքեր դրա վրա ուզում են քաղաքական միավորներ վաստակել, անշնորհակալ գործով են զբաղված»:
Շարմազանովի խոսքով՝ ինքը դեռ երեկ անդրադարձել է այդ միջադեպին եւ դատապարտել այն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:




























