Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն առաջարկում է սահմանադրական կարգի փոփոխության եւ երկրի ինքնիշխանության դեմ կոչերի համար տուգանել ոչ միայն հեռարձակողներին, այլեւ վերահեռարձակողներին: Երկրի խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագահի օրենսդրական փոփոխությունների համաձայն, տուգանքը կարող է կազմել տարեկան եկամուտների մինչեւ 3%-ի չափով:
Գրիբաուսկայտեն նոր միջոցները հիմնավորում է նրանով, որ «Լիտվան ներկայում ապրում է տեղեկատվական պատերազմի պայմաններում»:
Ըստ DELFI-ի, բացատրական նամակում նշվում է, որ ռուսական հեռուստահաղորդումները, որոնք քարոզչություն են անում, մշտապես դիտում են Լիտվայի 400 հազար բնակիչներ կամ երկրի բնակչության 15%-ը:
«Ամեն տարի մենք նորանոր տեղեկատվական հարձակումների ենք բախվում: Նրանց թիրախը մեր քաղաքացիներն են: Նրանց սեփական պետություններից, պատմությունից, բանակից, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունից դժգոհություն են ներշնչում: Սահմանադրությունը պարտավորեցնում է պաշտպանել Լիտվայի տեղեկատվական տարածությունը: Այդ պատերազմում մենք չենք կարող անզեն լինել»,- հայտարարել է Լիտվայի նախագահը:
Երկրի ղեկավարի աշխատակազմում պնդում են, որ ներկայում Լիտվայում վերահեռարձակվող ծրագրերի 30%-ը ռուսական արտադրանք է:




























