Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության նախարարները Լատվիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են համակարգել ուժերը՝ տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները զսպելու համար:

Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեքսասը նշել է, որ Լեհաստանն ու Բալթյան երկրներն ընդհանուր սպառնալիքի հետ գործ ունեն: «Եկեք համատեղ գործենք, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքների ամրությունն ստուգելու փորձերը կարող են լուրջ հետեւանքներ ունենալ»,- նշել է նա:

Բալթիկ ծովի վրայով ռուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքների հետ կապված էլ Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը Ռուսաստանին մեղադրել է «ռազմական բնույթի սադրանքի մեջ»: «Մենք միասին այդ իրավիճակը գնահատեցինք որպես չափազանց լուրջ եւ սպասում ենք ՆԱՏՕ-ի կողմից գործողությունների»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը:

Ըստ Lenta.ru-ի, հնարավոր արտաքին սպառնալիքներից տարածաշրջանի պաշտպանության թեման արդիական է դարձել Ռուսաստանի կողմից Ղրիմի վերամիավորումից հետո եւ դրան հետեւած Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների հետ կապված: Տեղի քաղաքական գործիչները բազմիցս մտահոգություն էին հայտնել, որ «ղրիմյան» կամ «դոնեցկյան» սցենարները կարող են կրկնվել նաեւ Բալթյան երկրներում: